Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել «Նուբարաշեն» ՔԿՀ 3 աշխատակցի նկատմամբ՝ 2 ցմահ դատապարտյալների փախուստի դեպքի առթիվ քննվող քրեական գործով՝ պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՔԿՀ աշխատակից, հերթափոխի ավագ Ա.Սմբատյանը, 2009թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 17-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալների մեկժամյա զբոսանքը կազմակերպելու ընթացքում չի ապահովել պատշաճ հսկողություն ինչպես զբոսախցերի մուտքի դռների, այնպես էլ՝ զբոսախցերի տանիքի հատվածներում, զբոսանք տրամադրելիս չի իրականացրել վերահսկողություն զբոսանքի դուրս բերվող ցմահ ազատազրկման դատապարտվածների անձնական խուզարկության գործընթացի նկատմամբ, եւ դրա արդյունքում՝ առանձնապես ծանր հանցագործության կատարման համար ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը «Նուբարաշեն» ՔԿՀ 6-րդ հարկի թիվ 1 զբոսախուց են ուղեկցվել առանց անձնական խուզարկության ենթարկվելու, որտեղ տեւական ժամանակ մնացել են առանց հսկողության եւ զբոսախցի տանիքից դիմել փախուստի՝ հասարակության համար ստեղծելով վտանգավոր իրավիճակ:

Հերթափոխի ավագ Ա.Սմբատյանին, անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Ա.Աթաբեկյանին եւ Վ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):

Հիշեցնենք, որ ցմահ ազատազրկվածներ Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը արդեն մեկ անգամ փախել են «Գորիս» ՔԿՀ-ից, բայց մի քանի շաբաթ անց ձերբակալվել եւ տեղափոխվել են «Նուբարաշեն»: