Սլովակիան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը եւ իր աջակցությունն է հայտնում այդ գործընթացին: Այդ մասին հայտարարել է Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ Աթենքում ունեցած հանդիպմանը:
Նշենք, որ Աթենքում ընթանում է ԵԱՀԿ ԱԳՆԽ 17-րդ նստաշրջանը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարները, նշելով երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկման պատրաստակամությունը, քննարկել են բարձրաստիճան փոխայցերի կազմակերպման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական կապերի ակտիվացման եւ հումանիտար ոլորտում փոխգործակցության խթանման հնարավորությունները:
Նախարարներ Նալբանդյանն ու Լայչակը պայմանավորվածություն են ձեռք բերել իրենց կողմից ղեկավարած գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ:




























