ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Աթենքում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետի հետ: Նրանք գոհունակություն են հայտնել պարբերական շփումների կապակցությամբ՝ արձանագրելով, որ դրանք լավ հնարավորություն են ընձեռում վերահսկել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը և նախանշել հարաբերությունների զարգացմանն ուղղված նոր քայլեր:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Ուրմաս Պաետն Էդվարդ Նալբանդյանին վերահաստատել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված Էստոնիայի կառավարության ղեկավար Անդրուս Անսիպի՝ Տալլին այցելելու հրավերը:
Հայաստանի ԱԳ նախարարն իր էստոնացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները` նոյեմբերի 22-ի Մյունխենում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Նրանք քննարկել են նաև դիվանագիտական կադրերի վերապատրաստման ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:




























