Ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը Հայաստանի շատ կարեւոր քաղաքական առաջադրանքն է: Այս մասին նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` մարտի 23-ին ելույթ ունենալով Երեւանում անցկացվող «Դեպի ազատ եւ թափանցիկ ընտրություններ» սեմինարում:
Նրա խոսքով` երկրի հասարակայնությունն, առավել քան երբեւէ, կարեւորում է ընտրությունների որակը: Միեւնույն ժամանակ, քաղաքական իշխանությունները եւս վճռական են երկրի պատմության մեջ ամենաթափանցիկ ընտրություններն անցկացնելու հարցում: Ինչպես ընդգծեց վարչապետը, իշխանությունները դա իրագործելու քաղաքական կամք ունեն, երկրի հանրությունը պատրաստ է բարձր որակի ընտրությունների, ծավալուն աշխատանք է տարվել օրենսդրության, այդ թվում` Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ուղղությամբ:
Ինչպես նշել է վարչապետը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ընթացքում հաշվի են առնվել նախորդ ընտրություններում կատարված խախտումները, բացթողումները եւ թերությունները: Իրավապահ մարմինների աշխատակիցների մասնագիտական հմտությունները նույնպես բարձրացվում են: Տիգրան Սարգսյանը վերջում հավաստիացրել է, որ ոչ մի խախտում անպատիժ չի մնա:
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին:




























