«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարության լավատեսությունը պայմանավորված է, թերեւս, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ օրերս կայանալիք հանդիպմամբ, ինչպես նաեւ դեկտեմբերի 7-ին թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ արձանագրությունների վերաբերյալ իր եզրակացությունը տալու փաստի հետ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Գործընթացում առկա լավատեսությունը համարելով միջնորդների կողմից արված յուրահատուկ քայլ, որը կնպաստի Թուրքիայում արձանագրությունների վավերացման գործընթացի արագացմանը, քաղաքագետն ընդգծեց, որ այդ քայլը մի յուրօրինակ մեսիջ է թուրքական խորհրդարանին։

Հարցին, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց, իսկապես, կա,՞ եւ եթե այո՝ ո՞րն է դա, քաղաքագետը նկատեց, որ միջազգային պրակտիկայում հակամարտությունների լուծման ճանապարհին միշտ էլ նմանատիպ խրախուսական քայլեր կիրառվել են եւ «այժմ էլ, ամփոփելով տարին, համանախագահող կողմերն ուզում են դրական ֆոնով հանդես գալ, որպեսզի ոչ մի բան չխոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»: