Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 2-ին այցելել է Կարմիր բլուր պատմական հնավայր` անձամբ ծանոթանալու հնավայրի պահպանման խնդիրներին: Դեռ տարեսկզբին կառավարության վերահսկողական ծառայությունը ուսումնասիրել էր Կարմիր բլուրի տարածքն ու արձանագրել, որ մի կողմից շուրջ 40 հեկտար հնավայրի մի մասը ծածկվել է շինարարական աղբով, մյուս կողմից էլ հարակից գերեզմանատունը զավթել է մոտ 1.5 հեկտար տարածք:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը վարչապետին ներկայացրել է հնավայրի խնդիրները, եւ հիշեցրել, որ պատմական այս վայրն այսօր խիստ հետաքրքրական է հատկապես գիտական ուսումնասիրությունների համար, քանի որ, մ.թ.ա. 6-րդ դարում կառուցված Թեյշեբայնի ամրոցը անաղարտ պահպանված է: Ստեղծված իրավիճակի պատճառով, Կարմիր բլուրում պեղումներն այսօր դադարեցված են:

Պատմական հնավայրի ապագայի, այն «վերակենդանացնելու» ու պահպանելու հարցերն են քննարկվել վարչապետի անցկացրած առաջին խորհրդակցությանը՝ հենց բլուրի տարածքում` մշակույթի նախարարի, Երեւանի քաղաքապետի եւ այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ գերեզմանի եւ բլուրի սահմանազատման խնդիրը կարգավորվել է:

Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցի ավարտին լրագրողներին տեղեկացրել է, որ այս փուլում կառավարության համար առաջնահերթ է հնավայրի պահպանության կազմակերպումը: Վարչապետը նշել է նաեւ, որ Ասիական bանկի հետ պայմանավորվածության համաձայն, Կարմիր Բլուրի սահմանով ճանապարհ է կառուցվելու, ինչը նույնպես նպաստելու է, որ տարածքը գտնվի ուշադրության կենտրոնում: