«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Նիկոլ Փաշինյանի՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարությանը դեկտեմբերի 2-ին դատավորն ավարտել է քր.գործի 13 հատորների փաստաթղթերի հետազոտությունը:

Այսօր կայացած նիստն էլ չի անցել առանց ուշագրավ բացահայտումների: Մասնավորապես դատարանը հետազոտել է դատալինգվիստիկայի փորձաքննության եզրակացությունը, որն արվել էր, պարզելու, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը հոգեխանգարմունքի մեջ գցել Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվածներին: ՀԺ-ի գլխավոր խմբագիրն ի պատասխան հայտարարել է, թե այդ փորձաքննությունից տպավորություն է ստեղծվում, որ գերբնական ուժի է տիրապետում, բայց եթե դա այդպես լիներ, ապա իր համար մեծ դժվարություն չէր ներկայացնի ՔԿՀ պետին ստիպել բաց թողնել իրեն՝ քաղաքում զբոսնելու:

Ինչեւէ, դատական հաջորդ նիստը կայանալու է դեկտեմբերի 3-ին, ժամը 12-ին: Դատարանն այս անգամ հետազոտելու է գործին կցված տեսասկավառակները: