Թուրքական Կայսերի քաղաքի ֆուտբոլասերները հոկտեմբերի 14-ին կայանալիք ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպմանը ներկա գտնվելու նպատակով այնտեղ ժամանած հայ ֆուտբոլասերներին կհյուրընկալեն իրենց տներում: Այս մասին հայտնում է թուրքական «Hurriyet» թերթը:

Թուրքական «38 երկրպագուների միության» նախագահ Հասան Յըլդըզը՝ հիշեցնելով Կայսերիում կայանալիք Թուրքիա-Էստոնիա խաղի մասին, ներկայացրել է նաև Թուրքիա-Հայաստան խաղի վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Հասան Յըլդըզն ասել է, որ այս խաղերը Թուրքիան ու Կայսերին լավագույնս ներկայացնելու առիթ են: Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 5-ին կայանալիք Թուրքիա-Էստոնիա խաղին ժամանած էստոնացի մարզասերներին կհյուրընկալեն թուրք երկրպագուները, եւ քանի որ հենց այդ ժամանակ է սկսվում Ռամազանը, դա կդառնա թուրքական ավանդույթներին եւ հյուրընկալությանը ծանոթացնելու լավ առիթ: Հասան Յըլդըզն ավելացրել է, որ իրենք ցանկանում են հոկտեմբերի 14-ին կայանալիք Թուրքիա-Հայաստան պատասխան խաղին ժամանած հայ ֆուտբոլասերներին ևս իրենց տներում լավագույնս հրուրընկալել ու պատվել:

NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի ու Հայաստանի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղը, որը կկայանա ս.թ. հոկտեմբերի 14-ին, նախատեսվում է անցկացնել Կայսերիի նորակառույց «Քադիր հաս» մարզադաշտում, որը նախատեսված է 32 500 հանդիսատեսի համար: Կայսերիի քաղաքապետը հայտարարել է, որ խաղը Կայսերիում անցկացնելու վերջնական որոշումը կկայացնի Կայսերիում ծնված Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ինչպես նաև Թուրքիայի ԱԳՆ-ն: