«Թուրքիան արդեն կորցրել է Ադրբեջանին եւ չի կարող անել որեւէ բան Ադրբեջանի վստահությունը կրկին շահելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ մոտ ապագայում Ադրբեջանին որեւէ տարածքային զիջում արվի, որը թույլ կտա Թուրքիային բացել հայ-թուրքական սահմանը, նա պատասխանեց. «Հայաստանի կողմից քաղաքական ինքնասպանություն կլիներ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո փոխզիջման գնալ նաեւ ԼՂ հարցում: Փաստորեն տարածաշրջանում իրավիճակը դեռ երկար տարիներ կմնա նույնը, քանի որ կողմերից ոչ մեկը քաղաքական կամք չի ցուցաբերում»:
Նրա խոսքով, դա առավել ակնհայտ է զգացվում, երբ տեսնում ենք, որ Ադրբեջանը ոչ մի քայլ չի արել, որպեսզի ցույց տա, թե ինքը պատրաստ է լուծման: «Քիշնեւից մինչեւ Մյունխեն ու Աթենք Ադրբեջանը անընդհատ թունավորում է բանակցությունների մթնոլորտը՝ իր ագրեսիվ ու ռազմաշունչ հայտարարություններով: Դրանով նա ուղերձ է հղում ոչ միայն Հայաստանին, այլեւ միջազգային հանրությանը, որ ինքը բանակցություններում անկեղծ չէ»,- նշեց փորձագետն ու հավելեց. «Այսինքն հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ոչ միայն որեւէ կապ չունի ԼՂ խնդրի հետ, այլեւ ինչ-որ տեղ արգելակում է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը, քանի որ այս պարագայում Հայաստանը չի կարող գնալ փոխզիջման կամ լուծման»:
Ռ. Կիրակոսյանի ներկայացմամբ, ԼՂ խնդիրը մոտակա 5-10 տարում լուծվելու շանս չունի, որովհետեւ մի կողմից միջազգային հանրությունն այնքան էլ շահագրգռված չէ ԼՂ խնդրի լուծմամբ, քանի որ դա գործիք է տարածաշրջան մուտք գործելու համար, մյուս կողմից՝ այդ խնդիրը կարող է լուծվել միայն այն դեպքում, երբ ե՛ւ Հայաստանում ե՛ւ Ադրբեջանում ժողովրդավարական փոփոխություններ լինեն: Ներկա պայմաններում, երբ երկու երկրների ղեկավարները լեգիտիմության պակաս ունեն, նրանք չեն լուծելու խնդիրը:




























