Թբիլիսիում փլված հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման աշխատանքները կսկսվեն 2010 թվականի գարնանը, իսկ ֆինանսական ծախսերն ամբողջությամբ իր վրա կվերցնի Վրաստանի կառավարությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է պատմական միջավայրի պահպանման ծառայության եւ պատմամշակութային թանգարան-արգելոցի տնօրեն Սերժիկ Առաքելյանը:

Նրա խոսքով, նոյեմբերի վերջին Հայաստանի մշակույթի նախարարության ներկայացուցիչն այցելել է Թբիլիսի եւ ծանոթացել իրավիճակին: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են, որ հայ մասնագետները նույնպես կմասնակցեն վերականգնման աշխատանքներին: Ավելին, տնօրենի ներկայացմամբ, այս դեպքը կարելի է նախադեպ համարել Վրաստանի տարածքում հայկական պատմական հուշարձանների պահպանման հարցում հետագա համագործակցության համար:

Հիշեցնենք, որ Սուրբ Գեւորգ եկեղեցին, որը գտնվում էր վթարային վիճակում, ուժեղ անձրեւների պատճառով փլվել էր նոյեմբերի 18-ին: Հայկական կողմը մեղադրում էր վրացական իշխանություններին եւ վրաց ուղղափառ եկեղեցուն՝ պատմական հուշարձանի նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Նշենք, որ այդ մեղադրանքները այնքան էլ անհիմն չէին՝ հաշվի առնելով, որ Վրաստանը բազմիցս է արհամարհանքով վերաբերվել հայկական հուշարձաններին ու մշակութային ժառանգությանը:

Այս դեպքի կապակցությամբ Հայ առաքելական եկեղեցին եւ մի շարք հասարակական կազմակերպություններ սուր քննադատությամբ հանդես եկան վրացական իշխանությունների անգործության դեմ: Ինչպես վերջերս վստահեցրեց Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոր Տաբատաձեն, եկեղեցին կվերականգնվի մեկ տարվա ընթացքում: