Մոսկվայում վեց տարի տեւած վերականգնողական աշխատանքներից հետո կայացել է Վերա Մուխինայի «Բանվորն ու կոլտնտեսուհին» կոթողի հանդիսավոր բացումը: Քանդակը, որ համարում են խորհրդային շրջանի ամենավառ խորհրդանիշերից մեկը, միայն մի քանի օր առաջ է վերադարձել Համառուսաստանյան ցուցադրական կենտրոնի հյուսիսային մուտքի մոտ:

Քանդակն առաջ ավելի բարձր էր կանգնած, հիմա նրա հիմքի բարձրությունը 34,5 մետր է, այնքան, որքան նախատեսել էր հեղինակն իր նախնական մտահղացման մեջ: Վերակառուցված հուշակոթողի ընդհանուր բարձրությունը 60 մետր է, իսկ կոթողի գագաթը՝ մուրճն ու մանգաղը, երեւում են անգամ մայրաքաղաքի Ռիժսկի կայարանից:

Հուշակոթողի բացման արարողությանը մասնակցելու է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, իսկ բացումից հետո շքեղ հրավառություն եւ լուսային շոու է լինելու, որի մանրամասները դեռ գաղտնի են պահվում, հայտնում է «Վեստին»: