Այսօր Հայաստանում հայտարարված սգի պատճառով, ՀՅԴ-ն չեղյալ է համարել Հայաստանում ԱԳՆ-ի առաջ, իսկ արտերկրում ՀՀ դեսպանատների առաջ կազմակերպվելիք բողոքի գործողությունները: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դրա փոխարեն, իրենք իրենց ասելիքը կներկայացնեն այս ասուլիսում եւ նամակ կհանձնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատներին:
Այդ նամակում ՀՅԴ-ն իր մտահոգությունն է հայտնում ԼՂ խնդրի կարգավորման առկա տարբերակների վերաբերյալ: Այնտեղ մասնավորապես ասված է. «Մեծ Ութնյակի գագաթնաժողովից հետո, եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի Մոսկվայում հուլիսի 17-ին նախատեսվող հանդիպման նախօրեին մենք դիմում ենք ձեզ, հայտնելով համայն հայության խորին հիասթափությունը Մինսկի խմբի համանախագահ երկրներին, Հայաստանի վրա չարդարացված եւ անհիմն ճնշման կապակցությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միակողմանի եւ վտանգավոր զիջումներ պարտադրելու նպատակով: Այդ զիջումները կվտանգեն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ հայ ժողովրդի անվտանգությունը, կմեծացնեն ադրբեջանական նոր ագրեսիայի հնարավորությունը եւ կվնասեն այդ հակամարտության իրական կողմերի կարողությանը, հասնելու իսկապես երկարատեւ եւ կայուն խաղաղության»:
Նամակի հեղինակները նշում են նաեւ, որ խաղաղության գործընթացի ցայտուն թերություններից մեկը Ղարաբաղի օրինական ընտրված ներկայացուցիչների բացակայությունն է այդ գործընթացում, որ ԼՂՀ-ն պետք է լինի գործընթացի լիարժեք մասնակից, առանց որի հնարավոր չէ կայուն եւ արդարացի խաղաղություն: «Ավելին, այսպես կոչված մադրիդյան սկզբունքները չեն համապատասխանում հակամարտության բնույթին եւ պատմությանը: Նաեւ դրանք բոլորովին հաշվի չեն առնում ԼՂՀ ժողովրդի կամքը, որոնք օրինականորեն արտահայտվել են 1991 եւ 2006 թվականի հանրաքվեներով»,- նշված է նամակում:



















