Երեկ վթարի ենթարկված ՏՈՒ-154 ինքնաթիռի՝ հայտնաբերված «սեւ արկղերը» գտնվում են ողբալի վիճակում։ Դրանք հարվածի հետեւանքով լրջորեն վնասվել են, բայց ինժեներները հույս ունեն, որ անհրաժեշտ տվյալները թռիչքի վերջին վայրկյանների վերաբերյալ հնարավոր է վերծանել: «Սեւ արկղերն» արդեն ուղարկվել են Թեհրան, որտեղ իրանցի մասնագետներին օգնելու են ռուսաստանցի մասնագետները, նաեւ, ըստ հայկական քաղաքացիական ավիացիայի վարչության, Հայաստանի մեկ ներկայացուցիչ: Աղետի պատկերն ամբողջացնելու համար կարեւոր են մանրագույն դետալները։

Որոնողական ջոկատներն այժմ սանրում են 200 մետր շառավղով տարածքը: «Փրկարարները փնտրում են պահպանված փաստաթղթերը, որոնք կօգնեն մարմինների ճանաչման գործին: Բացի այդ մենք հավաքել ենք ինքնաթիռի մասնիկները, որ մանագետները կարողանան բացահայտել աղետի պատճառը»,- հայտնել է Կազվինի նահանգի փրկարարական ծառայության ղեկավար Հոսսեյն Բախզադպուրը:

Իրանական իշխանությունների վարկածով, ողբերգությունը տեղի է ունեցել օդանավի շարժիչի բռնկման հետեւանքով: Օդում բռնկվել է ինքնաթիռի պոչամասն ու թեւերից մեկը: Դա են ապացուցում նաեւ դաշտում աշխատող գյուղացիների պատմածները: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն իր հերթին ներկայացրել է գրեթե նույն այդ պատճառը, թեեւ երեկ Caspian Airlines ընկերության պատասխանատուները հերքում էին այդ վարկածը:

Փորձագետները, սակայան, չեն շտապում միանշանակ ենթադրություններ անել: ՏՈՒ-154-ի աերոդինամիկան համարվոմ է լավագույններից մեկը ուղեւորատար ինքնաթիռների շարքում: Հրդեհն ու անգամ բոլոր շարժիչների արգելակումը պարտադիր չէ, որ բերի ուղղահայաց անկման: Հրդեհը կարող է ծագած լինել, երբ անձնակազմն արդեն կորցրել էր մեքենայի կառավարումը:

Կայացած ողբերգությունը եւս մեկ ապացույցն է, թե ինչ ողբալի վիճակում է գտնվում Իրանի ավիապարկը: Միջազգային սանկցիաների պատճառով Իրանը չի կարողանում ժամանակակից օդանավներ գնել, բայց խորհրդային օդանավերը վստահելի են, եթե ժամանակին տեխսպասարկում են անցնում:

Ինչեւէ, Իրանում ավիատոմսերի գները պետական վերահսկողության տակ են, եւ Caspain Airlines ընկերությունն ուղղակի վերանորոգման համար գումարներ չունի, բայց իր համար լոզունգ է ընտրել. «Ձեր առաջին վստահելի ընտրությունը»: Զարմանալի է նաեւ, թե ինչպես է ավիաընկերությունը չվերթներ կատարում ողջ Իրանով մեկ, ու աշխարհի 4 մայրաքաղաքներ՝ ունենալով ընդամենը 4 օդանավ: