Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդդինկը գլխավորելու է Թուրքիայի հավաքականը, հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
Երբ Ռուսաստանի հավաքականը չկարողացավ հաղթահարել աշխարհի 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի արգելքը եւ պարտվեց Սլովենիայի հավաքականին, հոլանդացի մասնագետը սկսեց մտածել իր ապագայի մասին: Ռուս ֆուտբոլասերները շատ կցանկանային, որ Հիդդինկը շարունակեր մարզել Ռուսաստանի ընտրանին: Նույնն են ցանկանում նաեւ հավաքականի խաղացողները: Այն ժամանակ Հիդդինկը հստակ ոչինչ չասաց, ինչն էլ որոշակի կասկածների տեղիք տվեց: Հիդդինկի պայմանագիրը Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ գործում է մինչեւ 2010թ. հուլիսը, սակայն նրանում կետ կա, որ մարզիչը կարող է ժամկետից շուտ լքել պաշտոնը, եթե հավաքականը աշխարհի առաջնության ուղեգիր չնվաճի:
Ինչ վերաբերում է թուրքական հավաքականին, հիշեցնենք, որ նման կերպ իր պաշտոնը լքեց Թուրքիայի հավաքականի նախկին մարզիչ Ֆաթիհ Թերիմը, չկարողանալով թիմին դուրս բերել 2010թ. առաջնության եզրափակիչ փուլ:
Նշենք նաեւ, որ թուրքական թերթի տեղեկությունը Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ չի հաստատել:




























