1988թ. երկրաշարժից արդեն 21 տարի անց աղետի գոտին դեռ չի վերականգնվել. միայն Գյումրիում երկրաշարժից անօթեւան են եւ տնակներում են ապրում ավելի քան 4 հազար 100 ընտանիք, իսկ այլ անօթեւան (աճած եւ կիսված ընտանիքներ, ներգաղթյալներ, սոցիալական պատճառներով բնակարանները օտարած եւ տնակներում կացարան գտած ընտանիքներ եւ այլն) ընտանիքների թիվը 3 հազար 500-ից ավելի է: Այդ մասին ասված է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի՝ ԶԼՄ ներկայացուցիչներին տարածած հայտարարության մեջ:
«Գործազրկությունը եւ տնտեսական անկումը Շիրակի եւ Լոռու մարզերում ահռելի չափեր ունեն: Այսպիսի տարածքը Զարգացման գոտի կոչելը նենգափոխում է իրադրությունը»,- նշում են գյումրեցի լրագրողներն ու հիշեցնում, որ 2009թ. սկզբին «գյումրեցիներին պետական բարձր մակարդակներով խոստացվել է, որ մինչեւ տարեվերջ Գյումրիում շահագործման կհանձնվի 1320 նոր բնակարան. անօթեւաններից 1320 ընտանիք հույս ունեն մինչեւ տարեվերջ տնակներից տեղափոխվել քարաշեն բնակարաններ»:
Ըստ «Ասպարեզ ակումբի»՝ շինարարության հիմնական կապալառուն «Գլենդել Հիլզ» ընկերությունը այս աշխատանքների համար պետությունից եւ Գյումրի համայնքից ստացել է բացարձակապես այն ամենը, ինչ կամեցել է այդ գործը գլուխ բերելու համար. շինարարական հրապարակ, բյուջետային միջոցներ, պետական երաշխիքներ, անգամ Ռուսաստանի դաշնությունից ստացված 500 մլն դոլարի վարկից մասնաբաժին, ֆինանսական միջոցների խնայման համար բնակարանների գնման վկայագրերի բաշխման կասեցում Գյումրիում եւ այլն: Չնայած այդ նախադրյալներին, դեկտեմբերի 4-ի դրությամբ Գյումրու Մուշ-2 թաղամասի շինարարական հրապարակում աշխատանքները, տարբեր գնահատականներով, կատարված են 40-60 տոկոսի չափով. թեպետ կանգուն են մոտ 20 քառահարկ շենք, ինչը լավագույն դեպքում կարող է 600-700 բնակարան կազմել, դրանց կեսի կտուրները դեռ չկան, պատերն ու ծածկերն են միայն, դրանք դեռեւս ներքին հարդարում չունեն, բակերն ու բակային ճանապարհները դեռեւս չկան որպես այդպիսիք, դրանք շինհրապարակներ են դեռ, եւ 5-6 շենք է, որ դուռ եւ պատուհան են կրում: Հաշվի առնելով Շիրակի դաշտի բնակլիմայական պայմանները, մինչեւ տարեվերջ կարող են ավարտուն տեսք ստանալ խոստացված բնակարաններից հազիվ 250-ը:
«Հիշեցնելով, որ Աղետի գոտին մինչեւ 2001-ը, ապա մինչեւ 2002-ը, ապա մինչեւ 2003-ը վերականգնելու մասին Ռ.Քոչարյանը եւ ՀՀ կառավարությունը խոստումներ են տվել հանրությանը եւ ապշեցուցիչ հետեւողականությամբ դրժել են դրանք, այժմյան իշխանությունները ահռելի պատասխանատվություն են կրում խոստացվածի եւ չարվածի հսկա տարբերության առկա պարագայում. իշխանությունները պարտավոր են հանրությանն ու անօթեւաններին բացատրություններ տալ այս տարվա բնակարանաշինության ձախողման համար»,- նշում են գյումրեցիները:




























