Ֆրանսպրես գործակալությունը տեղեկացնում է, որ իրանական ինքնաթիռի ավիավթարի զոհերի մնացորդները հնարավոր չէ ճանաչել: «Պայթյունն այնքան ուժեղ էր, իսկ գետնին հարվածն այնքան հզոր, որ մենք չենք գտել ոչ մի ամբողջական մարմին»,- իրանական Mehr գործակալությանը հայտնել է Ղազվինի նահանգի ԱԻՆ ղեկավար Մոհամադ Ալի Ահանին: Աղետի վայրում աշխատող փրկարարներից մեկն իր հերթին հայտնել է, որ իրենց չի հաջողվել գտնել «որեւէ ամբողջական մատ»:

Ալի Ահանիի խոսքերով, զոհերի մնացորդներն ուղարկվել են Թեհրան: «Զոհերի ընտանիքները պետք է կապվեն Թեհրանի համապատասխան բուժծառայության հետ, բայց իրավիճակն այնպիսին է, որ ճանաչումն անհնար է»,- ասել է Մոհամադ Ահանին:
Հիշեցնենք, որ երեկ, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ուղեւորների թվում եղել են տասնյակ հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները: