Եվրոպայի անվտանգության եւ համագործակության կազմակերպության անդամ երկրների նախարարների Խորհրդի նիստի շրջանակներում Իսրայելի ԱԳՆ ղեկավարը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Չեխիայի, Ադրբեջանի, Սլովակիայի, Ուզբեկստանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Նիդեռլանդների եւ Ֆրանսիայի արտգործնախարարների հետ, հաղորդում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպումներում Ավիգդոր Լիբերմանը խոսել է Իրանի միջուկային սպառազինումը կանխելու վճռական միջոցների մասին:

Իսրայելի լավատեղյակ դիվանագիտական աղբյուրը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ փակ հանդիպման ժամանակ Լիբերմանը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկել է Իրանին առնչվող հարցեր: Մասնավորապես, իսրայելական կողմը ներկայացրել է իրանական խնդրում իր դրքորոշումն ու որոշ ծրագրեր՝ ճշտելով Իրանի դեմ հնարավոր ուժի կիրառման դեպքում Ադրբեջանի վերաբերմունքը",- հայտնել է աղբյուրը։ Հատկանշական է, որ ադրբեջանական լրատվամիջոցները, որ մանրամասն լուսաբանել են Մամեդյարովի աշխատանքը գագաթնաժողովի ընթացքում, ստվերում են թողել այդ հատկանշական հանդիպումը: Մինչդեռ հավատարմագրված լրագրողները նկատել են, որ երկու երկրների արտգործնախարարները լքել են բանակցությունների սենյակը: Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդհանրական տեղեկատվություն է տրամադրել հանդիպման մասին՝ նկատելով, որ կողմերը քննարկել են «երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հարցեր, իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում»:

Հատկանշական է նաեւ, որ իսրայելական լրատվամիջոցները Մամեդյարովի հետ Լիբերմանի հանդիպման մասին հայտարարել էին դեռ Աթենքում գագաթնաժողովից առաջ: Ադրբեջանական կողմը առանձնապես չէր խոսում հանդիպման մասին, քանի որ հասկանում էր, որ դրանով կարող է բացասական ռեակցիա առաջացնել Թուրքիայում:

IzRus-ի փոխանցմամբ, Շիմոն Պերեսի եւ Ավիգդոր Լիբերմանի թեթեւ ձեռքով Իսրայելը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել Մերձկասպյան մահմեդական երկրներին, հատկապես Ադրբեջանին եւ Ղազախստանին: