Հայ արվեստագետների գործերով աշխարհում հետաքրքրվածություն կա, եւ դա վկայում է Սոթբիս, Քրիսթիս եւ այլ հայտնի աճուրդներում ժամանակ առ ժամանակ վաճառվող հայ գեղարվեստի եւ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «A A auction» հայաստանյան նորաբաց աճուրդի տնօրեն Սուրեն Ավագյանը՝ նշելով, որ հայաստանցի արվեստագետների ստեղծագործությունների աճուրդային վաճառքի գները հուշում են, որ Հայաստանում արվեստի թանկարժեք գործեր կան եւ շարունակում են ստեղծվել։
«Հայաստանում արվեստի գործեր շարունակում են ստեղծվել, բայց խնդիրն այն է, որ Հայաստանում այդ ստեղծագործությունների աճուրդային արժեքի մասին ոչինչ չգիտենք, մի պարզ պատճառով, որովհետեւ այստեղ աճուրդային գնահատում գոյություն չուներ։ Այսինքն, շատ օրինակներ կան, երբ հայաստանցի նկարիչներն արտասահմանում այժմ մեծ հաջողության են հասել, սակայն Հայաստանում նրանց գործերի վրա համապատասխան ուշադրություն չէր դարձվում։ Սակայն արտասահմանում նրանց նկարների աճուրդային գները բավականին բարձր են»,- ասաց նա, նշելով, որ «A A auction»-ը սկսել է մասնագետների միջոցով աճուրդին ներկայացված ստեղծագործությունների փորձագիտական գնահատում իրականացնել։
Ըստ նրա՝ մի քանի փորձագետներ նախնական գնահատում են կատարում, ըստ որի որոշվում է արդեն աճուրդի լոտերում ներկայացված ստեղծագործությունների աճուրդային արժեքը։ «Ըստ էության՝ ստեղծագործության արժեքը որոշվում է աճուրդում, որովհետեւ, օրինակ՝ նկարի նվազագույն արժեք է համարվում աճուրդում վաճառքի գինը, եթե նկարը երբեւէ վաճառվել է աճուրդում»,- ասաց Ավագյանը՝ ընդգծելով, որ այժմ աճուրդում կան 1000-2000 դոլարից սկսվող լոտեր։
Նրա խոսքով՝ արվեստի բնագավառում գործող հայաստանյան առաջին աճուրդը կաշխատի իրական եւ առցանց տարբերակով։
Առցանց աճուրդի մասնակիցները կարող են գնումներ կատարել մինչեւ 30 հազար դոլարի հասնող գումարով, իսկ իրական աճուրդում լոտերի գնի սահմանափակում չի լինի։ «Սա փաստորեն հարթակ է, որը կօգնի վերացնելու արվեստի ստեղծագործությունների՝ արեւելյան շուկայի մեթոդով առեւտուրը Հայաստանում։ Արվեստի գործերն էլ շուկա են պահանջում, բայց դրա համար արդեն վաղուց համապատասխան կանոններ կան սահմանված, որոնք էլ հենց աճուրդում են պահպանվում։ Բացի դրանից ստեղծագործության գնորդը արդեն կարող է վստահ լինել ձեռքբերման օրիգինալության կապակցությամբ, քանի որ աճուրդի ցանկացած լոտի հետ տրվելու է հավաստագիր։ Սա բացառում է հնարավոր կեղծիքները, որոնք այժմ շատ տարածված են արվեստի գործերի շուկայում։ Վաճառողն էլ իր հերթին, կարող է վստահ լինել, որ իրեն չխաբեցին, քանի որ մեկ այլ բան է, Վերնիսաժում գնորդների հետ առեւտուր անելը, իսկ վերջիններս հաճախ գլուխ էլ չեն հանում, թե ինչ է պատկերել ստեղծագործողը կտավում, եւ մեկ այլ բան է աճուրդում վաճառքի հանել ստեղծագործությունը, որտեղ հաճախ պրոֆեսիոնալ գնորդներ են ներկա գտնվում»,- ընդգծեց Ավագյանը՝ ավելացնելով, որ «A A auction»-ը առաջին աճուդը կկազմակերպի դեկտեմբերի 8-ին։





























