News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԵՄ բարեփոխումների արդյունավետ իրականացման եւ վերջիններին աջակցելու նպատակով` Հայաստանում կստեղծվի «Բարեփոխումների աջակցության տարածաշրջանային ուսումնական կենտրոն», որը կզբաղվի պետական գերատեսչությունների  աշխատակիցների ուսումնական դասընթացների եւ վերապատրաստման աշխատանքների կազմակերպմամբ` հետագայում ներառելով պետական, հանրային եւ քաղաքացիական հատվածների այն ներկայացուցիչներին, որոնք ներգրավված են Եվրոպական բարեփոխումների գործընթացներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ազգային անվտանգության խորհրդից: Կենտրոնի ստեղծման նախաձեռնության շուրջ այսօր համապատասխան փաստաթուղթ է ստորագրվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի եւ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Կոր-Բիզոյի ներկայությամբ:  Այս գաղափարը հավանության է արժանացել Եվրոպական Միության, ՄԱԿ-ի, Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) ղեկավարության եւ այլ միջազգային գործընկերների կողմից:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրված բարեփոխումների իրականացման գործում մասնագիտացված կադրերի միջազգային չափանիշներով պատրաստման անհրաժեշտությունը` ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը` ի դեմս Հայաստանում այդ կազմակերպության մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Կոր-Բիզոյի, այսօր ստորագրել է Աջակցության հավաստման հայտարարություն, որով իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակություն տրամադրել «Բարեփոխոււմների  աջակցության տարածաշրջանային ուսումնական կենտրոնի» հիմնադրման հարցում:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ-ԵՄ միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն իր խոսքում կարեւորեց «Բարեփոխոււմների աջակցության տարածաշրջանային ուսումնական կենտրոնի» ստեղծումը, ապա նշել է. «Այսօր Հայաստան Եվրամիություն բարեփոխումները, շուրջ 164 ուղղությամբ, հաջող ընթացք ունեն: Այդ բարեփոխումների իրականացման գործընթացում  չափազանց կարեւոր է վերապատրաստված պետական ծառայողներ ունենալու պարագան:»: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան նախ ողջունել է նախաձեռնությունը, ապա նշել, որ Հայաստանում հաջողությամբ առաջ են գնում բարեփոխումները, եւ ԵՄ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ