News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Ստամբուլի գրասենյակի նախաձեռնությամբ Ստամբուլի Սամաթիա թաղամասում տեղի է ունեցել բողոքի ակցիա ընդդեմ Սամաթիայում վերջին շրջանում հայ կանանց դեմ հարձակումների։

Թուրքական gercekgundem.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամները հավաքվել են Սամաթիայի հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցու մոտ։ Նրանք ի նշան կանանց դեմ բռնությունների եւ Սամաթիայում հայ կանանց դեմ հարձակումների հետաքրքիր բողոքի ակցիա են իրականացրել՝ միասին պար բռնելով եկեղեցու դիմաց։

Բողոքի ակցիայի մասնակիցների մոտ եղել են «Մի լռիր, բողոքիր», Վերջ կնոջ դեմ բռնությանը» եւ այլ գրություններով պաստառներ։

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Ստամբուլի գրասենյակի նախագահ Օղուզ Քաանը հիշեցրել է, որ վերջին 2 ամսում Սամաթիայում հայ կանանց դեմ հարձակումներ են եղել, որոնցից մեկն ավարտվել է մահվամբ։ «Ցանկանում ենք, որ վերջ տրվի էթնիկ ինքնության վրա կատարվող հարձակումներին։ Հուսով ենք, որ նման բան այլեւս չի լինի»,-ասել է Օղուզ Քաանը։

Նշենք, որ դեկտեմբերից սկսված Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում 4 հարձակում է տեղի ունեցել տարեց հայ կանանց դեմ։ Բոլոր հարձակումներն ունեն նույն ձեռագիրը։ Հարձակումներից մեկի ժամանակ հանցագործը կամ հանցագործները դաժանորեն սպանել են Մարիցա Քյուչուքին։ Հարձակումներից երկուսում հանցագործի դաժան ծեծի հետեւանքով 2 տարեց հայ կանայք զրկվել են աչքերից մեկից։ Իսկ մի դեպքում էլ փորձ է արվել առեւանգել հայ կնոջը։

 

Տպել
Ամենաշատ