Յուրի Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի մոտ հայտնաբերվել էր 98 գրամ հաշիշ տեսակի թմրանյութ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վահան Հայրապետյանը:

Նա այդ թմրանյութը ձեռք էր բերել Ագարակում՝ իր օգտագործման համար, մեկ օր մնացել էր այնտեղի հյուրանոցում, իսկ իրավապահները նրան  հայտնաբերել էին դեպի Երեւան վերադարձի ճանապարհին: Գնած թմրանյութը Դավիթը դեռ չէր հասցրել օգտագործել, բայց նախկինում նա թմրանյութ օգտագործել է: «Ինքը ընդամենը օգտագործող է, որոշ երկրներում նաեւ դեղատներում են դրանք վաճառվում: Հիմիկվանից արդեն ճիշտ դաստիարակման ուղին է վերցրել, որ պետք է դա չօգտագործի, հետ կանգնի: Բարձրագույն կրթությամբ տղա է, պետք է հասկանա, դա օրենքով արգելված բան է»,- նշեց Վահան Հայրապետյանը:

Նշանակված տոքսիկոքիմիական փորձաքննության պատասխանը դրական էր, նրա մեզի եւ մազի մեջ հայտնաբերվել էր հաշիշ: Փաստաբանը շեշտեց, որ եթե անձը թմրանյութ օգտագործած է լինում ամիսներ առաջ, ապա, միեւնույն է, այն հայտնաբերվում է, քանի որ դա պահպանվում է:

Փաստաբանը նշեց, որ Դավիթը մեղքը ընդունել է այն մասով, որ ինքը թմրանյութ է գնել իր անձնական օգտագործման համար, իսկ մնացածը, թե դա Պարսկաստանից է գնել, հիմարություններ են:

Վահան Հայրապետյանը առայժմ պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդություն չի ներկայացրել, ուշ է ներգրավվել գործում, այժմ չի կարող նման միջնորդություն ներկայացնել, բայց եթե նախաքննական մարմինը երկրորդ անգամ կալանքի միջնորդությամբ մտնի դատարան, ինքը կմիջնորդի, որ խափանման միջոցը փոխեն եւ Դվաիթը գրավով ազատ արձակվի: Նա գոհունակություն հայտնեց ոստիկանության աշխատանքից՝ ասելով, որ օբյեկտիվ, լրիվ, բազմակողմանի քննություն է տարվում, իրենց գործն են անում, ինքն էլ իր գործն է անում:

Փաստաբան նաեւ ասաց, որ Յուրի Վարդանյանը չի հետաքրքրվում գործի քննությամբ, ինքը իր գործն է անում: «Որ մի նախարարն է իր երեխային Ամերիկայից բերում Հայաստան եւ ուղարկում Զինված ուժերում ծառայելու՝ որպես զինվոր, իսկ Յուրի Վարդանյանը դա արել է, խոսքը Մայքլի մասին է»,- ասաց Վահան Հայրապետյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Դավիթը աշխատում էր ապահովագրական գործակալությունում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Դավիթ Վարդանյանին հոկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Սյունիքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրգործ ՔՕ-ի 268-րդ հոդվածի 3-րդ մասի (առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի շրջանառությունը,  պատժվում է ազատազրկմամբ`  2-6 տարի ժամկետով) եւ 215 հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգություն, պատժվում է ազատազրկմամբ՝  4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ) հատկանիշներով:

Հոկտեմբերի 16-ին  քրեական գործը ընդունվել է վարույթ քննչական գլխավոր վարչության ՀԿԳ գլխավոր վարչությունում: Դավիթ Վարդանյանը հոկտեմբերի 29-ին դիմում է գրել եւ հրաժարվել հանրային պաշտպանի ծառայություններից: