Դիլիջանում հնչած կրակոցների հետեւանքով դեկտեմբերի 25-ի գիշերը մահացել է «տեղական հեղինակություն» Նավոն: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ Նավասարդ Աբգարյանը մահացել է վիրահատությունից հետո, նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ կային: Իսկ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է նաեւ վիճաբանությանը մասնակցած Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի 34-ամյա որդին՝ Արտավազդ Թամրազյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (2 կամ ավելի անձանց սպանության) եւ 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով: Մեր տեղեկություններով՝ գործը կվերաորակավորվի, մասնավորապես՝  34-րդ հոդվածը կհանվի: Առայժմ ձերբակալվածներ չկան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 24-ին  Դիլիջանում երիտասարդների երկու խմբի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որին հետեւել են կրակոցներ: Կռվի  պատճառը եղել է   նախկինում ունեցած    անհաշտ հարաբերությունը: Վիրավոր երիտասարդներից մեկին տեղափոխել են Երեւանի բժշկական հաստատություններից մեկը:

Դիլիջանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել է Դիլիջանի 33-ամա բնակիչ Նավասարդ Աբգարյանը (Նավո): Վերջինս  Դիլիջանի մեծահարուստ, «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր  Արմեն Աբգարյանի եղբոր որդին է: