Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը կայուն է, նա գտնվում է հիվանդասենյակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին:
Նա նշեց, որ դեռ աղիքային խնդիրներ կան եւ պետք է հետվիրահատական շրջանից դուրս գա: «Խնդիրն այն է, որ ինքը մի քիչ ուշացումով է դիմել բժշկի: Թե երբ դուրս կգրվի, չենք կարող ասել, դա կախված է հետվիրահատական շրջանից, թե ինչպես այն կընթանա»,-ասաց Անատոլի Գնունին:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Բժշկի դիմել եմ ԱԺ առաջին նիստից հետո, որովայնի շրջանում ունեցած ցավերի պատճառով: Մի քանի ժամ անց ախտորոշվեց կույրաղիքի սուր բորբոքում: Ինձ ասացին, որ անհետաձգելի վիրահատության անհրաժեշտություն կա, որովհետեւ կույրաղիքս կարող է պայթել: Վիրահատությունը սկսվել է 18.50-ին եւ շարունակվել երկու ժամ: Բժիշկներն ասում են` կույրաղիքս վիրահատության պահին պայթած է եղել: Վիրահատությունն անցել է հաջող, լաբորասկոպիկ եղանակով: Ետվիրահատական վիճակս բավարար է: Չեմ կարծում, թե ի վիճակի կլինեմ Մարտի 1-ին, ժամը 21.00 ներկայանալ Մյասնիկյանի արձանի մոտ, նաեւ այն պատճառով, որ ետվիրահատական տեխնիկական ատրիբուտներ եմ կրում: Բայց նախատեսված ժամին եւ տեղում լեգենդար հրամանատար Սասուն Միքայեյանի կողքին կլինի որդիս` Աշոտը»:




























