Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը եղել եւ մնում է անփոփոխ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը ղարաբաղյան հարցով, վաշինգթոնի Կարնեգի կենտրոնում:
Բաբայանը նշել է, թե պաշտոնական Ստեփանակերտը ներկայումս վերլուծում է ամերիկացի դիվանագետի ելույթը եւ, ըստ ամենայնի, վաղը կհայտնի իր դիրքորոշումը ԼՂՀ ԱԳՆ հայտարարության միջոցով:
Հարցին՝ հնարավոր է այն տարբերվի նախկինում հնչած տեսակետից, Բաբայանը պատասխանել է. «Կարծում եմ՝ մեր դիրքորոշումը, եղել է, կա ու կմնա անփոփոխ»:
Նշենք, որ Ուրոլիքը կրկնել էր հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, որոնք վերջին 3-4 տարիներին վերագրվում են Մինսկի խմբին՝ Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանները, միջանկյալ կարգավիճակ ԼՂՀ-ի համար, միջանցք Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ, տեղահանվածների՝ նախկին բնակավայրերում ապրելու իրավունք:




























