Հայաստանում Էժան էլեկտրականություն կարելի է ստանալ գազի կորուստներից, հուլիսի 4-ին լրագրողներին հայտնել է ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ  Միքայել Մելքումյանը:

Նա նշել է, որ Հայաստանի բաշխիչ ցանցում գազի նորմատիվ կորուստները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գնահատել է 5,37%, փաստացի դրանք կազմում են  8,64%: Տարբերությունը կազմում է տարեկան 50 մլն խմ գազ:

«Եթե մենք դրանք վերածենք էլեկտրաէներգիայի, անգամ 3-ը 1-ի հաշվարկով, ինչպես Իրանի հետ ենք աշխատում, ապա կստանանք 150 մլն կՎտ/ժ, ինչը բնավ էլ քիչ չէ: Եվ եթե կարգավորող մարմինը հայտարարում է, որ էլեկտրաէներգիայի գինը ստիպված են թանկացնել էժան էներգիայի անբավարարության պատճառով, ապա ահա որտեղից է  կարելի այն ստանալ», - ասել է Մելքումյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց, որով Հայաստանում սպառողների համար էլեկտրաէներգիան այս տարվա օգոստոսի 1-ից կթանկանա 9,9 տոկոսով՝ 3,85 դրամով: Ցերեկային սակագինը բնակիչների համար 38 դրամից կդառնա 41,85 դրամ՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց, գիշերային սակագինը 28 դրամից կդառնա 31,85 դրամ: