Աղիքային սինդրոմ ախտորոշմամբ վերջին 2-3 օրերին Կապանի բժշկական կենտրոն է ընդունվել 16 հոգի: Կապանի բժշկական կենտրոնի ղեկավար Սմբատ Օրբելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Քաջարանից իրենց մոտ տեղափոխվել է 7 մեծահասակ եւ 6 երեխա, եւս 3 մեծահասակ էլ տեղափոխվել է Կապանից:

Տնօրենի փոխանցմամբ՞ տեղափոխված անձանց մոտ առկա է թուլություն, մրսածության, մարսողության խանգարում, թեթեւ փորլուծություն, ջերմություն: Նրանց առողջական վիճակը այժմ կայուն է, կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, բուժման կուրս է նշանակվել, դեռ 2-3 օր էլ կմնան հիվանդանոցում:

Առայժմ հայտնի չէ, թե վարակի աղբյուրը որն  է: Սմբատ Օրբելյանը շեշտեց, որ աղիքային ինֆեկցիայի մասին խոսելը վաղ է, հետազոտությունները պետք է հաստատեն, որ դա ինֆեկցիա է: «Այսօրվա դրությամբ լաբորատոր տվյալներով որեւէ մեկի մոտ աղիքային ինֆեկցիա չկա, որեւէ մեկը չի հաստատվել, սա նշանակում է, որ վարակները չկան, հնարավոր է լինի էնտերովիրուսային վարակ բայց աղիքային ինֆեկցիա չկա»,- ասաց Կապանի բ/կ-ի տնօրենը

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քաջարան քաղաքում սեպտեմբերի 5-ից աղիքային ինֆեկցիոն հիվանդություն է տարածվել։ Սյունիքի մարզում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ արդեն 10-ը բնակիչ է տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որոնցից 7-ը՝ քաջարանաբնակներ, 3-ը՝ Քաջարանում աշխատող կապանցիներ։

Հիվանդներին ուղեգրով Կապան են տեղափոխում, քանի որ Քաջարանի բժշկական կենտրոնում կա ընդամենը մեկ հիվանդասենյակ ՝ 3 հոգու համար։

Վարակի տարածման աղբյուրը դեռ չի հայտնաբերվել։ «Հիվանդությունների վերահսկման  եւ կանխարգելման ազգային կենտրոնի» Սյունիքի մասնաճյուղից հերքեցին բնակիչների շրջանում տարածված լուրերը, թե վարակը ջրից է։

«Հետազոտություններ ենք իրականացվել եւ բացառվում է, որ վարակը ջրից լինի»,- NEWS.am-ին ասաց մասնաճյուղի տնօրեն Ռիտա Ջհանգիրյանը։