Գյումրեցիների շրջանում վերջերս շրջանառվող լուրը, թե  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքից ազատվելու դիմում է  ներկայացրել կառավարությանը, եւ որ նրան փոխարինելու է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ավելի են ակտիվացել սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումից հետո։

Լուրեր են պտտվում, որ Վարդան Ղուկասյանն  օրերս հրավիրվել է  մայրաքաղաք, որտեղ քննարկվել է  նրա նշանակման  հարցը:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը NEWS.am-ի հետ զրույցում  հերքեց իր պաշտոնանկության մասին լուրը՝ անվանելով դա «հերթական սուտ տեղեկությունը»։

«Այս սուտ ինֆորմացիան նույնիսկ մեկնաբանության կարիք չունի»-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը եւս հրաժարվեց մեկնաբանել այդ տեղեկությունը:

Հիշեցնենք, որ  1999թ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան պաշտոնից ազատվել էր 2012թ հոկտեմբերին՝ իր դիմումի համաձայն։