Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 2011թ. ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի ջրծաղիկ հիվանդությունից մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվեց համաներման մասին ՀՀ Ազգային ժողովի որոշման համաձայն։ Այսօր՝ փետրվարի 5-ին, նման որոշում կայացրեց Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ։
Նշենք, որ ամբաստանյալներ, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նախկին պետ, գլխավոր վիրաբույժ Միքայել Միքայելյանի և նույն հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի նախկին պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանի փաստաբանները նախորդ դատական նիստին հանդես էին եկել քրեական վարույթի կարճման եւ ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությամբ։
Մեղադրող Անահիտ Եղիազարյանը իր ճառում նշեց, որ Միքայել Միքայելյանի եւ Մինաս Մկրտչյանի նկատմամբ կիրառելի է ՀՀ ԱԺ համաներումը՝ միջնորդելով կարճել քրեական գործը եւ դադարեցնել քրեական հետապնդումը։
«Այսպիսի դիմումով ամբաստանյալները դիմել էին դեռեւս 2013թ. նոյեմբերին, սակայն գործը չկարճվեց, քանի որ դատարանը որոշեց մեկ անգամ եւս բազմակողմանի, օբյեկտիվ դատաքննություն վարել։ Նշանակվեց կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվեցին կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացություն տված մի շարք փորձագետներ, վարակաբաններ, վիրաբույժներ եւ այդ բազմակողմանի քննության արդյունքում չհիմնավորվեց, որ Հայկ Խաչատրյանը մահացել է ամբաստանյալների գործողությունների հետեւանքով»,-ասաց մեղադրողը։
Անահիտ Եղիազարյանը նաեւ միջնորդեց առանց քննության թողնել տուժող կողմի նյութական եւ բարոյական փոխհատուցման վերաբերյալ քաղհայցը։
Նշենք, որ այս անգամ եւս տուժող կողմը չէր ներկայացել դատական նիստին։
Հիշեցնենք, որ զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով` ՀՀ ՔՕ 376 –րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը), մեղադրանք է առաջադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նախկին պետ, գլխավոր վիրաբույժ Միքայել Միքայելյանին և նույն հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի նախկին պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանին:




























