Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցները միայն մեկ պահանջ ունեն Հայաստանի իշխանություններից։
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, տեւական ժամանակ ակտիվիստները քննարկումներ են արել, ինչից հետո իրավաբանորեն ձեւակերպված պահանջ են ներկայացրել, այն է՝ պահանջում են Սերժ Սարգսյանի կարգադրությունը՝ դադարեցնելու ՀԽԿՀ երկու որոշումների գործունեությունը, ըստ որոնց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է։ Ակտիվիստները մինչեւ այսօր կեսօր ժամանակ են տվել կառավարությանը, պատասխանելու համար։
Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:
Երեկոյան նստացույցի մասնակիցներն ավելի մեծ բազմությամբ են շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է, մասնակցում են նաեւ պատգամավորներ, մտավորականներ, շոուբիզնեսի ներկայացուցիչներ, որոնք պատ են կազմել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: