Ազատամարտիկ, 6,5 տարի ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, անժամկետ հացադուլ է սկսել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը:
Մարգարիտա Բաղրամյանը նշեց, որ հանձնաժողովը այս անգամ նույնպես մերժել է պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին Վոլոդյա Ավետիսյանի հայցը, այդ պատճառով էլ նա հացադուլ է սկսել:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նույն հանձնաժողովը մերժել էր Վոլոդյա Ավետիսյանին վաղակետ ազատելու հայցը:
Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:
Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը 2014թ. հուլիսի 17–ին Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը:





























