News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումից ապրիլի 1-ին մահացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Ասոյանը Երեւանից էր, 19 տարեկան, ընտանիքի չորս երեխաներից՝ ավագը:

NEWS.am-ի հետ զրույցում Գեւորգի մորեղբայր Վահան Բենգլյանը պատմեց, որ քրոջորդին դեպքի գիշերն էր խոսել հոր հետ, ասել՝ իրավիճակը խաղաղ է, ծառայությունից գոհ է:

«Մի օր առաջ էլ իմ հետ էր խոսել, գոհ էր ծառայությունից: Ինքը վախեցող տղա չէր, տղամարդ-տղա բնավորություն ունեցող էր, իսկական հայ երեխա էր, որին կորցնել պետք չէր»,-ասաց Գեւորգի մորեղբայրը:

Գեւորգ Ասոյանի 19-ամյակը մարտի 23-ին էր լրացել:

«Զանգեցինք, շնորհավորեցինք, ուրախ էր: Մենք էստեղ ուրախանում էինք, որ ինքն էնտեղ իրեն լավ զգար»,-ասաց Գեւրոգի մորեղբայրը:

Վահան Բենգլյանը նշեց, որ Գեւորգը նպատակ ուներ իր արհեստը՝ սպորտային գույք պատրաստել սովորել:

«Ասում էր՝ քեռի ջան մի քիչ էլ յոլա տար, գամ, արհեստդ շարունակեմ, շարունակեց, բա՝ չէ»,-ասաց նա:

Գեւորգ Ասոյանի հոգեհանգիստը տեղի է ունեցել ապրիլի 2-ին:

Նշենք, որ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գեւորգ Ասոյանի մահվան հանգամանքները։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ: Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 1-ին, ժամը  09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Արմենի Ասոյանը:

NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանում։

Նշենք, որ ապրիլի 1-ին զինվորի մահվան երկու դեպք էր գրանցվել։ Ավելի վաղNEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող,  20-ամյա Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը:

Տպել
Ամենաշատ