Լեռնային Ղարաբաղում հունիսի 8-ի գիշերը ծառայողական պարտականությունները կատարելիս մահացած կրտսեր սերժանտ Վարդան Ղրմաջյանի հարազատներին տեղեկացրել են, որ նա սողանքի հետեւանքով է մահացել:
«Ասել են՝ սողանք է եղել, մահացել են: Բլինդաժի մեջ են եղել, թե ուղղակի տարածքում, հարվածից են մահացել ինչ-որ բանի, ոչինչ չգիտենք»,- NEWS.am- ին ասաց բարեկամներից մեկը:
20-ամյա Վարդան Ղրմաջյանը մոտ 10 օրից զորացրվելու էր: Նա ընտանիքի ավագ որդին էր, երկու քույր ունի:
Վարդանը սովորում էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ծանրամարտի բաժնում:
Վարդանի ու Տավուշի մարզում մարտի 14-ին հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Կամո Մարտիրոսյանի ընտանիքները հարեւանությամբ են բնակվում:
Նշենք, որ ըստ ՔԿ տվյալների՝ տեղացած առատ անձրեւից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետեւանքով հունիսի 8-ին՝ ժամը 00:30-ի սահմանում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը եւ շարքային Արմեն Պավելի Գազարյանը: Վարդան Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի, իսկ Արմեն Գազարյանի դին՝ 09:30-ի սահմանում՝ հարակից տարածքներից:
ՀՀ Պնախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել է, որ դեպքի հետեւանքով նաեւ զինծառայողներ են տուժել:






























