News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Շիրակ Կենտրոնի» ուսերին հարկային ծանր բեռ է դրվել՝ անօթեւան ընտանիքների համար բնակարաններ ձեռք բերելու եւ նվիրելու պատճառով: Այս մասին հայտարարություն է տարածել «Շիրակ կենտրոնը»:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Շիրակ կենտրոնը» ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու ՏՀՏ-ից ստացել է գրություն, ըստ որի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տրամադրած տեղեկությունների հիման վրա կատարած կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքներով հայտնաբերել են, որ ֆիզիկական անձանցից ձեռք բերած թվով ութ բնակարանների համար «Շիրակ կենտրոնից» եկամտային հարկ չի պահվել:

Մեր կողմից կատարված կոպիտ հաշվարկներով խոսքը մոտ 5 մլն դրամ վճարումների մասին է:

Իսկ հիմա մի փոքր ավելի մանրամասն:

Նախորդ մի քանի տարիների ընթացքում «Շիրակ կենտրոնի» գործունեության շնորհիվ, հիմնականում արտերկրում բնակվող մեր հայրենակիցների եւ այլ միջազգային կազմակերպությունների կողմից, Գյումրու ժամանակավոր կացարաններում սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող մոտ 60 ընտանիքի նվիրվել են բնակարաններ, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում՝ 16 բնակարան: Եվս 4 բնակարան գնելու բանակցություններ վարվում են այս օրերին:

2016 թվականի հունվար ամսից անօթեւան ընտանիքներին բնակարաններ նվիրելու պատրաստակամություն հայտնած հովանավորների պահանջով ու նաեւ այն պատճառով, որ նախորդ տարիներին մեր միջնորդությամբ որպես նվեր բնակարան ստացած մի քանի ընտանիքներ վաճառել էին իրենց բնակարանները, հովանավորները մեր առջեւ պայման դրեցին, որ իրենց միջոցներով գնվելիք բնակարանները մինչեւ 15 տարի ժամկետով համարվեն «Շիրակ կենտրոնի» սեփականությունը: Իսկ բնակարանները անօթեւան բազմազավակ ընտանիքներին տրվեն անհատույց օգտագործման՝ հետագայում, սահմանված ժամկետները լրանալուց հետո տվյալ ընտանիքներին ամբողջությամբ որպես սեփականություն նվիրելու պայմանով: «Շիրակ կենտրոնի» կողմից 2016 թվականի ընթացքում վերոհիշյալ պայմանով ձեռք է բերվել եւ անհատույց օգտագործման է տրամադրվել 10 (տասը) բնակարան: Բնականաբար, այս բարեգործական ծրագրից «Շիրակ կենտրոնը» ոչ մի լումա եկամուտ չի ստացել, բոլոր բնակարանները ֆիզիկական անձանցից ձեռք են բերվել հովանավորների անմիջական մասնակցությամբ, բնակարանների արժեքները որոշվել են նրանց երկկողմանի բանակացությունների միջոցով, շուկայական ամենանվազագույն արժեքով:

Ավելին, «Շիրակ կենտրոնը» որոշ դեպքերում միջոցներ է հայթայթել եւ կատարել է նոտարական ու կադաստրային ձեւակերպումների համար պետության կողմից սահմանված վճարումները, ինչպես նաեւ բնակարան ստացած բոլոր անապահով ընտանիքների տնակների քանդման, տարածքների ազատման, աղբի մաքրման եւ համանման աշխատանքների ծախսերը: Ի դեպ, տնակների քանդումից առաջացած փայտանյութն էլ որպես վառելափայտ բաժանվել է դեռեւս տնակներում բնակվող սոցիալապես անապահով տասնյակ ընտանիքների:

Եվ քանի որ «Շիրակ կենտրոնը» չունի այնպիսի ֆինանսական կարողություններ, որ փակի հարկային ծառայությունների կողմից պահանջվող վճարները, բարեգործական նպատակով ձեռք բերված եւ անօթեւան ընտանիքներին արդեն իսկ նվիրված բնակարանների, նաեւ առաջիկա մեկ տարում եւս 10 բնակարանների ծրագիրը բարեգործական ճանաչելու ու եկամտային հարկ վճարելու պարտականություններից ազատելու խնդրանքով հարկադրված դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանին, ինչպես նաեւ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանին:

Տպել
Ամենաշատ