Մարզերում ընտրողների հետ հանդիպման շրջանակներում «Ժառանգության» ցուցակի ներկայացուցիչները` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, այցելել են Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Լիճք, Մարտունի, Վարդենիկ, Ծովինար, Վարդենիս եւ Սեւան: Պատվիրակության կազմում էին նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար, նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը, «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը եւ ցուցակի այլ ներկայացուցիչներ:
«Ժառանգության» շտաբի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ելույթ ունենալով Գավառ քաղաքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երկընտրանք է առաջադրել՝ շարունակել հինը, թե՞ ունենալ նորը՝ «Նոր Հայաստան, նոր Գավառ, նոր աշխատավարձ, նոր իրավունք, նոր արժանապատվություն»:
«Հնո՞ւմ պիտի մնանք, թե՞ միասին պիտի գանք»,- շեշտել է «Ժառանգության առաջնորդը: Նա նաեւ «Ժառանգության» միացյալ ցուցակի անունից հայտարարել է. «Մայիսի 6-ից, 7-ից հետո, մենք ձեր առջեւ հաշվետու ենք լինելու»:
Լիճքում Ալեքսանդր Արզումանյանը հայտարերել է, որ տեղեկություն է ստացել քարոզարշավը գյուղապետի կողմից խոչընդոտելու վերաբերյալ:
«Ինձ հենց նոր մի տեղեկություն հայտնեցին, որը շատ զայրացրեց: Ասում են, որ ավելի շատ մարդ էր հավաքված «Ժառանգության» հետ հանդիպման համար, բայց գյուղապետը վախեցրեց, եւ մարդկանց մի մասը գնացին իրենց տուն: Ես զարմանում եմ, գյուղապե՛տը պետք է վախենա ձեզանից, այլ ոչ թե դուք իրենից: Նա ձեր ծառան է, եթե լավ չծառայի, կարող եք այլեւս նրան չընտրել: Ինչի՞ց եք վախենում, չեմ հասկանում: Ես նստել եմ 1988, 2007, 2008 թվականներին ու պետք լինի էլի կնստեմ, որ իմ երեխաները կարգին երկրում ապրեն», - ասել է Արզումանյանը:
Օգտվելով հնարավորությունից, «Ժառանգության» ներկայացուցիչները նաեւ հրավիրել են բոլորին ներկա գտնվել մայիսի 1-ին, ժ. 19:00-ին, Երեւանի Ազատության հրապարակում կայանալիք համերգին, որին ելույթ կունենան սիրված երգիչ եւ երգահան Ռուբեն Հախվերդյանը եւ «Ժառանգությանը» սատարելու համար Հայաստան ժամանող հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը:




























