Թիվ 12 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը հայտարարել է, որ թեեւ իրենց բողոքի հիման վրա որոշում էր կայացրել վերացնել իր մրցակից երկու թեկնածուների` Գոհար Վեզիրյանի եւ Լյովա Խաչատրյանի քարոզչական պաստառները օրենքով չսահմանված վայրերից, սակայն որոշումն, ըստ էության, չի կատարվել:

Տիգրան Տեր-Պետրոսյանի շտաբի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Թիվ 12 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը ապրիլի 22-ին դիմում-բոողք էր ներկայացրել թիվ 12 ԸԸՀ` նշելով, որ թիվ 12 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածուներ Գոհար Վեզիրյանը եւ Լյովա Խաչատրյանը խախտել են ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետում ամրագրված նախընտրական քարոզչության սահմանված կարգը:

Նրանք չսահմանված տեղերում մասսայաբար փակցրել են քարոզչական նյութեր` մասնավորապես Էրեբունի զանգվածի բարձրահարկ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին եւ այլուր: Նույնանման զանգվածային խախտումներ կան նաեւ Նորագավիթ թաղամասում:

Ապրիլի 24-ին կայացած թիվ 12 ԸԸՀ- նիստի ժամանակ կայացվել էր որոշում, համաձայն որի որոշվել էր դիմել Երեւանի քաղաքապետին` ուսումնասիրելու թիվ 12 ընտրատարածքում չսահմանված վայրում Գոհար Վեզիրյանի եւ Լյովա Խաչատրյանի քարոզչական պաստառներ փակցված լինելու հանգամանքը եւ չսահմանված վայրերում փակցված քարոզչական պաստառներ հայտնաբերելու դեպքում դրանք սահմանված կարգով անհապաղ վերացնել: Ինչպես նաեւ Գոհար Վեզիրյանին եւ Լյովա Խաչատրյանին տալ եռօրյա ժամկետ քարոզչական պաստառներն այլ վայրերում փակցնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթղերը (վճարովի հիմունքներով տեղեր առանձնացնելու մասին համապատասխան համայնքի ղեկավարի վարչական ակտեր` առկայության դեպքում կամ պաստառներ փակցնելու թույլատրելի այլ վայրերի վերաբերյալ սեփականտերերի համաձայնությունները) թիվ 12 ԸԸՀ ներկայացնելու համար:

Այսօր թիվ 12 ԸԸՀ նախագահ Ս. Սարգսյանը ապրիլի 28-ով թվագրված քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Ա. Բաղդասարյանից ստացել է հետեւյալ պատասխանը:

Ի պատասխան Ձեր 25.04.2012 թ. գրության` հայտնում եմ, որ ի կատարումն թիվ 12 ԸԸՀ-ի N12 –Ա որոշման, ուսումնասիրվել է թիվ 12 ընտրատարածքում չսահմանված վայրերում (բարձրահարկ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին եւ այլուր) Գոհար Վեզիրյանի եւ Լյովա Խաչատրյանի քարոզչական պաստառներ փակցված լինելու հանգամանքը եւ հայտնաբերվել են ոչ թույլատրելի վայրերում պաստառներ, որոնք ապամոնտաժվել են Երեւանի քաղաքապետարանի միջոցներով:

Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբն արձանագրում է, որ կամ քաղաքապետարանն է ստում, կամ թեկնածուներն են նոր պաստառներ փակցրել: Երկու դեպքում էլ տեղի է ունենում ընտրական օրենքի խախտում:

Այս հայտարարության համար համար մենք ունենք փաստեր: Ապրիլի 28-ին մեր շտաբի աշխատակիցները շրջել են թիվ 12 ընտրատարածքում եւ տեսանկարահանել են այն փողոցները, որտեղ չսահմանված վայրերում փակցված են Գոհար Վեզիրյանի եւ Լյովա Խաչատրյանի պաստառները»: