Սպիտակի Ջրաշեն գյուղից 18-20 շաբաթական հղիությամբ 43-ամյա Հրածին Մալխասյանի մահվան կապակցությամբ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով` դեպքը ուսումնասիրելու եւ կազմակերպական խնդիրների տեսանկյունից հանգամանքները պարզելու նպատակով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«Հաշվի առնելով, որ դեպքը գտնվում է իրավապահ մարմինների վարությում, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան, դեպքի կապակցությամբ տվյալների հրապարակումը հնարավոր է միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Ուստի, առողջապահության նախարարության կողմից մայրական մահացության սույն դեպքի պատճառների եւ մասնագիտական վարման հնարավոր սխալների վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել գործի վարույթի ավարտից հետո»,- հայտնել են Առողջապահության նախարարությունից:
Իսկ Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առնչությամբ Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, բժշկական փաստաթղթերն առգրավված են իրավապահ մարմինների կողմից, իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք, որ այս դեպքի մասին ահազանգել էր NEWS.am-ը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպիտակի Ջրաշեն գյուղից 18-20 շաբաթական հղիությամբ, 4 երեխաների մայր, 43-ամյա Հրածին Մալխասյանը հուլիսի 28-ին դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից տեղափոխվել է «Էրեբունի» բ/կ, որտեղ եւ մահացել է: Ըստ շրջանառվող տեղեկությունների` կնոջ մոտ արյունահոսությունը սկսվել է աբորտ անելուց հետո, քանի որ նա 20 շաբաթական հղի է եղել: Իսկ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն Լեւոն Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնել էր, որ նրա մոտ եղել են ցավեր, ինքնուրույն վիժել է, այնուհետեւ սկսվել է արյունահոսությունը: «Հղիությունը նորմալ չի ընթացել, ծանր վիճակում ընդունվել է, վիժել է, որից հետո արյունահոսություն է սկսվել, վիրահատել ենք, այնուհետեւ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնտեղ նորից վիրահատվել է եւ հնարավոր չի եղել կյանքը փրկել»,- նշել էր նա:




























