Նորագավիթի դաշտում սեպտեմբերի 17-ին ինքնասպանություն գործած Վ. Քալաշյանի երկրորդ կինը` Մարգարիտա Բաբայանը պատրաստ է մինչեւ վերջ գնալ եւ հասնել նրան, որ ամուսինը հետմահու դատապարտվի իր անչափահաս հաշմանդամ դստերը բռնաբարելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարգարիտա Բաբայանը:

«Ես պահանջելու եմ ամենախիստ պատիժ, թեկուզ հետմահու: Որպես մայր, գոնե որ ես ինձ հոգեպես հանգիստ զգամ իմ երեխայի հետ կատարվածի առնչությամբ, այն է, որ հետմահու պատիժ ստանա, կարեւորը իրեն մեղավոր ճանաչեն, ուրիշ ոչինչ չեմ ուզում»,- ասաց նա:

Մարգարիտա Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց այս դեպքի առնչությամբ: Նրա խոսքով` իր երկրորդ ամուսինը` Վ. Քալաշյանը բռնաբարել է խորթ դստերը, այնուհետեւ տարիներ անց, երբ այդ մասին իմացել է մայրը, ամուսինը ինքնասպանություն է գործել: Դեպքը տեղի է ունեցել հենց Մարգարիատ Բաբայանի` Մարմարաշենում վարձակալած տանը: Մի օր, երբ կինը գնացել էր Գորիս` առեւտրի, ամուսինը ժամը 23.30-24.00-ի սահմաններում գալիս է տուն, մեքենան կանգնեցնում բակում եւ մտնում ներս ու կողպում դռները: Այդ ժամանակ հարեւանի տնից գալիս է նրա անչափահաս որդին, եւ տեսնելով խորթ հոր մեքենան բակում, տան դռները գտնելով փակ` մոտենում է պատուհանին եւ ձայներ է լսում, այդպես նա ամեն ինչ իմանում եւ պատմում է մորը: «Ոստիկանություն եմ տվել, հաջորդ օրը ինչ-ինչ պատճառներով, քննիչը չգիտեմ` ինչ էր իրեն պետք, մնում էր իր աչքի դեմը աներ, որ բաց չթողներ, բաց է թողել նրան եւ բացատրություն չի տվել, ինքն էլ գնացել է իրեն կախել է, եթե ինքը մաքուր մարդ լիներ, իրեն չէր կախի»,- ասաց նա` հավելելով, որ այդ ժամանակ դուստրը ընդամենը 11-12 տարեկան էր:

Դեպքի մասին իմանալուց հետո Մարգարիտա Բաբայանը ամուսնուն ոչինչ չի ասել, վախեցել է, ասում է` նա անկանխատեսելի էր եւ պատրաստ էր ամեն ինչի: Փոխարենը `մի քանի անգամ ճշտել է երեխաներից դեպքի իսկությունը, նույնիսկ բժշկի է տարել աղջկան եւ միայն այդ ամենի մեջ համոզվելուց հետո է դիմել իրավապահ մարմիններին: Մարգարիտա Բաբայանը պատմեց, որ Քալաշյանի հետ ամուսնական կյանքի ընթացքում երբեւէ չի մտածել, որ երեխայի նկատմամբ նա այդպիսի քայլ կանի, բայց հետագայում արդեն դուստրը պատմել է, որ խորթ հայրը իրեն վախեցնում էր, սպառնում, որ կտանի մանկատուն, հարվածներ էր հասցնում գլխին, ոտքերին եւ այլն: Նույնիսկ մի անգամ Քալաշյանը Մարգարիտա Բաբայանի որդուն է ծեծել` պատճառաբանելով, թե մեքենայի մեջից 500 դրամ էր կորել: 

«Ես իմ երեխաներին լավ եմ ճանաչում, ինքը ուղղակի թմրամոլի, խաղամոլի մեկն էր»,- նշեց նա: Համատեղ կյանքի ընթացքում ամուսինների միջեւ ծագող հիմնական վեճերը կապված էին Քալաշյանի` «հարազատ մարդկանց վրա աչք դնելու սովորության պատճառով», եւ ամեն անգամ ինչ-որ վեճ առաջանալիս նա տնից դուրս էր գալիս եւ գնում Նորագավիթի իր փոքրիկ տնակում:

«Գործով քննիչը կասկածելի է թվում, իմիջայլոց է զբաղվում այդ հարցով, անընդհատ պատճառաբանում է, թե քննությունը շարունակվում է, 1 ամիս է, նորմալ պատասխան չի տալիս, նույնիսկ գործերին չի թողնում, որ ծանոթանամ»,- ասաց նա: 

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեռեւս դատաբժշկական փորձաքննության եզրակացություն չկա, նյութերը ընթացքի մեջ են:

Հիշեցնենք, որ Նորագավիթի դաշտում հայտնաբերվել է 45-ամյա Վ. Քալաշյանի դիակը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին Ոստիկանության լրատվական ծառայությունից: