Ճապոնական All Nippon Airways (ANA) ավիաընկերությունը հերթական միջադեպից հետո հայտարարել է Boeing-787 Dreamliner երկու շարժիչով ռեակտիվ ուղեւորատար օդանավերի չվերթների դադարեցման մասին:
Հունվարի 16-ի առավոտյան Յամագուտիից Տոկիո ուղեւորվող ANA ընկերության օդանավն ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Տակամացուում` ծուխ լցվելու պատճառով:
ԱԻ-ի պահին օդանավում գտնվել են 129 ուղեւոր եւ անձնակազմի ութ անդամ: ANA-ն օդանավերի շահագործումը կվերսկսի միայն 17 Boeing-ների մանրազնին ստուգումներից հետո, հայտնում է rbc-ն:
Տրանսպորտի նախարարությունն արդեն մեկնաբանել է այսօրվա միջադեպը: Ըստ գերատեսչության ներկայացուցչի` կատարվածը շատ լուրջ է եւ կարող էր ողբերգական հետեւանքներ ունենալ:
All Nippon Airways-ի օրինակին է հետեւել Japan Airlines ավիաընկերությունը, որի Boeing-787 Dreamliner օդանավում հունվարի 8-ին Բոստոնի օդանավակայանում հրդեհ էր բռնկվել: Ավելի ուշ` հունվարի 11-ին, չվերթի ժամանակ ANA ընկերության Dreamliner-ի դիմապակին ճաքել էր, սակայն անձնակազմը վճռել էր շարունակել թռիչքը:
Boeing 787 Dreamliner-ի առաջին նմուշը ներկայացվել էր 2007թ. հուլիսին, օդանավի ստեղծման ծրագրի արժեքը կազմել էր 32 միլիարդ դոլար: Օդանավի մեկ օրինակի շուկայական արժեքն է 200 միլիոն դոլար:





























