Ադրբեջանում գրող Աքրամ Այլիսլիի աղմկահարույց «Քարե երազներ» գրքի շուրջ կրքերը թեժացել եւ միջնադարյան դրսեւորումներ են կրում: Իշխանամետ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ պարգեւավճար կտրամադրեն նրան, ով կկտրի գրողի ականջը:
Այդ կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիեւը Turan-ի հետ զրույցում հաստատել է, որ նման որոշում իսկապես ընդունվել է: «Նախորդ շաբաթ մենք քննակում կազմակերպեցինք եւ նման որոշում ընդունեցինք: Այն հստակ է եւ չի փոխվի»,-կտրականապես հայտարարել է Հաջիեւը:
Կուսակցության որոշման մեջ նշվում է, որ Այլիսլին իր վեպում վիրավորել է «Արեւմտյան Ադրբեջանի» (նկատի ունի ժամանակակից Հայաստանը) 4,5 մլն ադրբեջանցիներին, նրանց ներկայացնելով որպես վայրենիներ:
«Ուստի որոշվել է, որ բոլոր տեսակի պատիժներն էլ Այլիսլիի համար քիչ կլինի եւ անհրաժեշտ է կտրել նրա ականջը: Այդ որոշման կատարումը հանձնարարվել է կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամներին: Այդ որոշումը կատարողը կստանա 10 հազար մանաթ»,-հայտարարել է նա:
Ինչպես հաղորդում է contact.az-ը, մամուլում լայնորեն լուսաբանվող այս որոշումը որեւէ կերպ չեն մեկնաբանում իրավապահ մարմինները: Միաժամանակ, իրավաբանների գնահատմամբ` Հաֆիզ Հաջիեւի կոչը քրեորեն պատժելի արարք է եւ պատժվում է ազատազրկմամբ:
Ինքը` Աքրամ Այլիսլին, Turan-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ «նրանք, ովքեր ազատություն են տալիս Հաֆիզ Հաջեւի նմաններին, կործանում են ադրբեջանական ժողովրդի բարոյականությունը»: Նա նշել է, որ մամուլի միջոցով դիմում է իրավապահ մարմիններին` կոչ անելով ապահովել իր անվտանգությունը: «Եթե իրավապահ մարմինները գործուն միջոցներ չձեռնարկեն, ես ստիպված կլինեմ ընտանիքով հեռանալ երկրից»,-նշել է գրողը:
Հիշեցնենք, որ ռուսական «Դրուժբա նարոդով» ամսագրում հրապարակված ադրբեջանցի գրողի «Քարե երազներ» ստեղծագործությունն Ադրբեջանում զայրույթի փոթորիկ է առաջացրել: Ադրբեջանցի կեղծ հայրենասերների դժգոհության պատճառը հայերի հանդեպ կարեկցանքի երանգն է: Ադրբեջանի «մտավորականության» ներկայացուցիչները պահանջում են Աքրամ Այլիսլիին զրկել բոլոր կոչումներից եւ պատասխանատվության ենթարկել: Քննարկվում է նույնիսկ գրողին Ադրբեջանի քաղաքացիությունից զրկելու հարցը:





























