«Միավորված Ռուսաստան» խմբակցությունից Պետդումայի պատգամավոր Անդրեյ Իսաեւը չի վախենում Գլխավոր դատախազության՝ «դեղին թերթի» մասին իր խոսքերը ստուգելուց։ Նա հայտարարել է, որ «հաճույքով կհանդիպի » պարոն Գուսեւի («Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի գլխավոր խմբագիր) հետ Գլխավոր դատախազությունում, քանի որ ինքն էլ շատ հարցեր ունի։
«Դրանից բացի, ես կցանկանայի նրա աչքերի մեջ նայել», - հայտարարել է Իսաեւը «Գազետա.ռու» -ին, ինչպես նաեւ իր տարբերակն է նշել, թե ինչու է «Պավել Գուսեւը կազմակերպել նման աննախադեպ կոպիտ հարձակում Իրինա Յարովայայի եւ Օլգա Բատալինայի վրա»։
«Ես տեղյակ եմ, որ շաբաթվա սկզբին նրանք մարդկանց որոշակի շրջանակի հետ քննարկել են զանգվածային լրատվամիջոցներում ինտիմ-ծառայությունների գովազդ տպագրելու արգելքի հնարավորությունը։ Քանի որ «Մոսկովյան կոմսոմոլեցն» տպագրում է, ցավոք, կարծում եմ, որ դա կարող է ակտիվ հարձակում լինել ՄԿ-ի կողմից», - ավելացրել է պատգամավորը։
Նա հայտարարել է, որ բացարձակ չի ափսոսում «ստոր հարձակման», «սրիկաների» եւ «դեղին թերթի» մասին իր խոսքերի համար։ «Եվ Պավել Գուսեւը պետք է ներողություն խնդրի, ոչ թե փորձի իր իրավացիությունն ապացուցել », - եզրափակել է Իսաեւը։
Հիշեցնենք, որ աղմուկի առիթ է դարձել երեք եդինոռոս պատգամավոր Եկատերինա Լախովոյի, Իրինա Յարովայայաի եւ Օլգա Բատալինայի մասին «ՄԿ»-ում տպագրված «Քաղաքական պոռնկությունը փոխում է սեռը» հոդվածը։ Իսաեւն այդ նյութն անվանել է «զզվելի, ստոր, կեղտոտ հարձակում» կին քաղաքական գործիչների վրա եւ խոստացել, որ «ստորները»՝ հոդվածի հեղինակն ու հրատարակության խմբագիրը, «դաժան պատասխան կտան»։ Ի պատասխան սրան, «ՄԿ»-ի գլխավոր խմբագիրը հայտարարել է, որ կդիմի Գլխավոր դատախազություն։




























