«Եդինայա Ռոսիայի» անդամները հակադարձել են «Մոսկովսկի կոմսոմոլեցի» գլխավոր խմբագիր Պավել Գուսեւի դատախազություն ներկայացրած դիմումին. Պատգամավորների խումբը մտադիր է դիմել դատախազություն եւ ՌՔԿ՝ պահանջելով մի քանի տարի առաջ կատարված միջադեպի հետաքննություն:
RBC daily-ն գրում է, որ որոշ տվյալներով՝ իբրեւ թե հարբած Պավել Գուսեւը զենք է կիրառել ոստիկանի դեմ եւ վնասել նրան: Նախօրեին եդինոռոս Անդրեյ Գուսեւը հայտարարել էր, որ ուրախ կլիներ իմանալ՝ ինչպես է լրագրողը խուսափել պատասխանատվությունից:
Դիմումի տակ ստորագրել են պատգամավորներ Վալերի Տրապեզնիկովը, Անդրեյ Կրասովը եւ Միխայիլ Մարկելովը, գրում է «Իզվեստիան»: Գլխավոր խմբագիրը հեգնական պատասխան է տվել. «Նաեւ թող ստուգեն այն, որ ես կենդանաբանական այգու չորս կապիկների եմ բռնաբարել: Նաեւ՝ Օսիայում խոշոր հրդեհ էր եղել, ես էի այրել, Կամչատկայի երկրաշարժն էլ էր իմ ձեռքի գործը, աստերոիդն էլ էի ես գցել»,- ասել է Գուսեւը:
«Եդինայա Ռոսիայի» եւ «ՄԿ»-ի միջեւ սկանդալը ծավալվել էր թերթում Գեորգի Յանսի «Քաղաքական մարմնավաճառությունը սեռափոխվել է» հոդվածի հրապարակումից հետո, որը «Եդինայա Ռոսիայի» երեք կին պատգամավորների էր վերաբերում՝ Իրինա Յարովային, Եկատերինա Լախովայային եւ Օլգա Բատալինային: Իր միկրոբլոգում Իսաեւը սպառնացել էր թերթի խմբագրին, Պավել Գուսեւն էլ նրա դեմ հայց էր ներկայացրել:




























