Մայիսի 1-ին, ժամը 00.16-ին, Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում թռիչք կատարած եւ մետրոպոլիտենի կայարանի մուտքի մոտ ընկած «ԲՄՎ X-5» մեքենայի վարորդը` 27-ամյա Դավիթ Հայրապետյանը օդաչու էր: Մեր տեղեկություններով` երիտասարդն ավարտել էր ուսումը, աշխատում էր «Արմավիա» ընկերությունում: Նա ամուսնացած չէր, ուներ քույր:
Մեզ հաջողվել է պարզել նաեւ, որ Դավիթ Հայրապետյանը սերում է օդաչուների ընտանիքից: Նրա հայրը` Գրիշա Հայրապետյանը, հայտնի օդաչու է, տարիներ շարունակ աշխատել է «Արմավիա» ավիաընկերությունում: Հայրապետյաններին ճանաչողները գովեստի խոսքեր հնչեցրին նրանց հասցեին` նշելով, որ շատ լավ, հարգված անձինք են:
Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին, ժամը 00.16-ին ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում` մետրոպոլիտենի կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար` հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է օգնություն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել էր, որ «ԲՄՎ» մակնիշի 03 QQ 330 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 27-ամյա Դ. Հայրապետյան) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել մետրոպոլիտենի կայարանի մուտքի մոտ:
Վթարի հետեւանքով Դ.Հայրապետյանը դուրս է շպրտվել ավտոմեքենայից եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել էր: ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ «27-ամյա վարորդ Դավիթ Հայրապետյանը, Բագրատունյաց փողոցից իր «ԲՄՎ» մակնիշի մեքենայով երթեւեկելով, Գարեգին Նժդեհի հրապարակի կանաչապատ հատվածում պետք է թեքվեր դեպի աջ, սակայն չէր թեքվել, խփել էր մայթեզրին, մեքենան միանգամից բարձրացրել էր օդ, 2 մետր բարձրության վրա մոտ 15-20 մետր անցել այդ կլոր հատվածով, որի ներքեւոմ գտնվում է մետրոպոլիտենը եւ առեւտրի կետերը, բախվել էր օղակի դիմացի պատին, ինչի արդյունքում ընկել էին մեքենայի առջեւի երկու անիվները, շարժիչի մասերը: Փոխանցման տուփի մասերը հայտնվել էին մետրոպոլիտենի վերեւի հատվածի մյուս մայթին, իսկ մեքենան որպես երկաթի կտոր, ընկել էր մետրոպոլիտենի հարկը»:
«Կարող եմ վստահեցնել, որ եթե այդտեղ մարդ լիներ, մենք չէինք ունենալու վիրավորներ, մենք ունենալու էինք զոհեր: Բարեբախտաբար, ոչ միայն ներքեւի հատվածում մարդ չկար, այլեւ մեքենայի թռիչքի ժամանակ հրապարակում անցնող մեքենաներ չեն եղել, մենք այդ մեքենաներում կունենայինք զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ»,- ասել է նա:




























