Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ թիվ 8/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի առթիվ։
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դավիթ Մկրտչյանը, նույն օրը անցկացվող Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ գնալով թիվ 8/23 ընտրատեղամաս, միանգամից երեք քվեաթերթիկում թեկնածուի անվան դիմաց համապատասխան նշում կատարելով եւ քվեատուփը գցելու եղանակով, փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ, սակայն ընտրական հանձնաժողովի անդամ Քնարիկ Գեւորգյանը, նկատելով դա, թույլ չի տվել Դ. Մկրտչյանին քվեարկել եւ վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ մայիսի 5-ին, ժամը 13.30-ին, 8/23 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահն արձանագրել է միջադեպ, որ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Մ.-ի մոտից քվեարկած 3 քվեաթերթիկ է հայտնաբերվել:



























