Վենեսուելայի Ազգային ասամբլեան հավանություն է տվել ավելի քան 500 մլն բոլիվար (մոտ 79 մլն դոլար) արտերկրից անձնական հիգիենայի պարագաներ գնելուն հատկացնելու նախագծին: Խոսքը 39 մլն փաթեթ զուգարանի թղթի, 50 մլն անձեռոցիկների, 10 մլն կտոր օճառի, 17 մլն մեկանգամյա օգտագործման տակդիրների եւ 3 մլն ատամի մածուկի մասին է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Վենեսուելայի բնակչությունը կազմում է 28,5 մլն մարդ:

Ավելի վաղ առեւտրի նախարար Ալեխանդրո Ֆլեմինգը հայտարարել էր, թե հեղափոխությունը 50 մլն փաթեթ զուգարանի թուղթ կբերի երկիր, որ «ժողովուրդը հանդարտվի ու չհավատա լրատվամիջոցների տեղեկություններին դեֆիցիտի մասին»: Նախարարի խոսքով, ամեն ամիս երկրում 125 մլն փաթեթ զուգարանի թուղթ է օգտագործվում: «Մենք կբերենք եւս 50 մլն, ցույց կտանք այդ խմբավորումներին, որ մեզ կոտրել հնարավոր չէ»,- ասել է նախարարը:

Առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտն արդեն վաղուց խնդիր է դարձել Վենեսուելայի համար, իսկ ընդդիմությունը պնդում է, թե դրա պատճառը գների վերահսկման իշխանությունների անհեռատես քաղաքականությունն է: