18-20 շաբաթական հղիությամբ 43-ամյա Հրածին Մալխասյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան: NEWS.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ այս գործով մեղադրյալը Երեւան քաղաքի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ Վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանն է, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:
Ըստ մեղադրական եզրակացության ` նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, հիվանդանոց ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսեւորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահ: Առաջին դատական նիստը նշանակվել է հուլիսի 18-ին:
Ի դեպ, Վարուժան Մարդանյանը նախկինում եւս դատված է եղել, 2007թ օգոստոսի 22-ին նա վիրահատել է Մարգարիտա Աբրահամյանին, մասնագիտական պարտականությունների կատարմանը վերաբերելով անբարեխիղճ եւ անփույթ՝ վիրահատությունը կատարել է ոչ պատշաճ, որի հետեւանքով առաջացած արյունահոսությունից Մ.Աբրահամյանը մահացել է:
Ըստ դատավճռի` նա մեղավոր է ճանաչել ՀՀ քր. օր-ի 130-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով, առանց որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկման: Նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չեն կիրառել, փոխարենը նշանակել են փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանում, եւ քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Սակայն, վերաքննիչ բողոքը մերժվել է եւ դատական ակտը թողնվել է անփոփոխ: Նոր դատական քննության արդյունքում որոշվել է Վարուժան Լադիկի Մարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով` առանց որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու։ Այս անգամ եւս նրա նկատմամբ որոշվել է պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով, չի փոխվել նաեւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ այս դեպքի մասին ահազանգել էր NEWS.am-ը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպիտակի Ջրաշեն գյուղից 18-20 շաբաթական հղիությամբ, 4 երեխաների մայր, 43-ամյա Հրածին Մալխասյանը հուլիսի 28-ին դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից տեղափոխվել է «Էրեբունի» բ/կ, որտեղ եւ մահացել է: Ըստ շրջանառվող տեղեկությունների` կնոջ մոտ արյունահոսությունը սկսվել է աբորտ անելուց հետո, քանի որ նա 20 շաբաթական հղի է եղել: Իսկ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն Լեւոն Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնել էր, որ նրա մոտ եղել են ցավեր, ինքնուրույն վիժել է, այնուհետեւ սկսվել է արյունահոսությունը: «Հղիությունը նորմալ չի ընթացել, ծանր վիճակում ընդունվել է, վիժել է, որից հետո արյունահոսություն է սկսվել, վիրահատել ենք, այնուհետեւ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնտեղ նորից վիրահատվել է եւ հնարավոր չի եղել կյանքը փրկել»,- նշել էր նա:




























