Սումատրայի բանտից զանգվածային փախուստ է տեղի ունեցել. Ըստ տարբեր լրատվամիջոցների` փախել է 150-200 մարդ, որոնցից 20-ը դատապարտված էին ահաբեկչության համար:

Փախուստը տեղի է ունեցել Մեդան քաղաքում` Հյուսիսային Սումատրայի վարչական կենտրոնում, բանտում  անկարգություններ սկսվելուց հետո, հայտնում է lenta.ru-ն:  Բանտի պաշտոնյաները հայտնել են, որ բանտարկյալները հրդեհել են բանտը:  Բացի դրանից, որոշ բանտարկյալներր կարողացել են զենք ձեռք բերել, մյուսներն էլ հսկիչների վրա շշեր են նետել:

Ըստ «ՌԻԱ Նովոստիի»` բանտում ջրամատակարարման դադարի պատճառով սկսված անկարգությունների ընթացքում զոհվել է երեք պահակ: Ապստամբած բանտարկյալների մի մասը  մնում է բանտի տարածքում, նրանք այրել են գրասենյակային  շինությունները եւ պատանդ վերցրել աշխատակազմի 15 անդամի:

Բանտում իրենց պատիժն է կրում 2,6 հազար մարդ, այնտեղ արդեն ժամանել են ոստիկանական եւ զինծառայողների ուժերը: Իշխանություններին հաջողվել է  նորից ձերբակալել 55 փախած բանտարկյալի, այդ թվում` դատապարտված ահաբեկիչներին: