Բելֆաստում Նարնջագույն ուխտ բողոքական կազմակերպության ամենամյա երթն ավարտվել է փողոցային կռիվներով: Վնասվածքներ են ստցել ոստիկանները, նաեւ խորհրդարանի պատգամավոր:

Նարնջագույն ուխտի ավանդական երթը տեղի է ունենում  ի պատիվ 1690 թ. բողոքական արքա Վիլհելմ III Օրանսկու հաղթանակի, ինչն էլ վերջ դրեց Անգլիայում կաթոլիկության տիրապետությանը: Հյուսիսային Իռլանդիայում բրիտանական վարչակարգի կողմնակիցների երթը հյուսիսիռլանդացի կաթոլիկների բուռն արձագանքն է առաջացնում:

«ITV» հեռուստալիքի փոխանցմամբ` այս անգամ խնդիրը ծագել է այն ժամանակ, երբ երթն անցել է կաթոլիկական թաղամասով: Ազգայնականների խումբը բախումների մեջ է մտել երթի մասնակիցների հետ: Ոստիկանները կանգնել են կողմերի միջեւ, ինչի արդյունքւոմ նրանց վրա են նետել շշեր եւ քարեր:

Որոշ բողոքականներ խորհրդանշական սրերով են եղել եւ փորձել են դրանցով վնսսել ոստիկանական մեքենաները: Արդյունքում վնասվածք է ստացել 23 ոստիկան, իսկ խորհրդարանի պատգամավոր Նայջել Դոդը ուշագնաց է եղել` գլխին աղյուսի հարված ստանալով: