NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Վայոց Ձորի մարզում, Շատին գյուղից վերեւ գտնվող Եղեգիս գետում երեխայի խեղդման դեպքից:
Շատինի գյուղապետ Մամիկոն Սմբատյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 3-4 եղբայրներով գնացել էին լողալու: Մահացածի` 15-ամյա Կարեն Տիգրանյանի եղբայրը խեղդվում էր, վերջինս, փորձելով նրան փրկել, ինքն է խեղդվել, իսկ փոքր եղբայրը փրկվել է: «Ախպորը հանել է, ինքը չի կարողացել դուրս գա»,- ասաց գյուղապետը: Նա նշեց, որ եղբայրները չեն իմացել, որ Կարենը խեղդվում է, ջուրը նրան միանգամից քշել է դեպի քարերի արանքը, իսկ այդ հատվածում ջուրը բավական խորն է, ոլորացող: Այնուհետեւ, մինչ նրանք զանգահարել են ոստիկանություն, ԱԻՆ, փրկարարները ժամանել են եւ գետից արդեն հանել են 15-ամյա տղային` խեղդված վիճակում:
Գյուղապետը տեղեկացրեց, որ ընտանիքում 4 եղբայր են, մեկ քույր, հայրը գտնվում է Ռուսաստանում, մի քանի ամիս առաջ է մեկնել արտագնա աշխատանքի: Ընտանիքը միջին կարողությունների տեր է:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզում հուլիսի 15-ին, ժամը 16:30-ի սահմաններում, Շատին գյուղից վերեւ գտնվող Եղեգիս գետը երեխա էր ընկել: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 17.38-ին հրշեջ-փրկարարները ջրից դուրս էին բերել Շատին գյուղի բնակիչ` 15-ամյա Կարեն Տիգրանյանի դին:




























