Հնդկաստանում այսօր՝ հուլիսի 16-ին, դպրոցական ճաշից թունավորվելու հետեւանքով 8 երեխա մահացել է, 80-ին տեղափոխել են հիվանդանոց: Ճաշը պատրաստված է եղել բրնձով եւ ոսպով:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բոլոր տուժածները ցածր դասարանների աշակերտներ են:
Բիհար նահանգի գլխավոր նախարար Նիտիշ Կումարը հանձնարարել է անհապաղ հետաքննել ողբերգության պատճառները: Մասրակհ գյուղում գտնվող դպրոց են ուղարկվել դատական փորձագետներ: Նախարարը նաեւ հայտարարել է, որ զոհվածների ծնողներին փոխհատուցում կտրվի, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Անվճար ճաշը երկրի 29 նահանգների պետական դպրոցներում տրվում է անապահով ընտանիքների դպրոցականներին: Բիհարը Հնդկաստանի ամենաաղքատ եւ խիտ բնակեցված նահանգներից մեկն է:





























