Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի միջեւ օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի գործով փաստաբան Լուսինե Սահակյանի դատախազություն ուղարկված գրությունը ուղարկվել է Շիրակի ոստիկանության քննչական բաժին, որտեղ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 16-ին, կայացել է Կարեն Եսայանի  սպանության գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ միջադեպ է արձանագրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: «Վարդան Ղուկասյանը արհամարհական էր պահում իրեն, վիրավորական արտահայտություն էր թույլ տալիս մեր հասցեին, հարցաքննության կեսից շուռ եկավ եւ դուրս եկավ դատարանի դահլիճից` վիրավորելով մեզ: Դատարանից դուրս գալուց նրանցից մեկը հարվածել է Հարություն Սարգսյանի հոր` Սամվել Սարգսյանի ոտքին, մենք տեսանք կոշիկի փոշու հետքերը: Սամվել Սարգսյանը դատարանից «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց, այժմ Վերակենդանացման բաժանմունքում է, սրտի հետ խնդիրներ ունի»,- հայտնել էր փաստաբանը:

Լուսինե Սահակյանը նշել էր, որ իրենք միջնորդություն են ներկայացրել Վարդան Ղուկասյանին կանչել դատարան եւ շարունակել հարցաքննությունը: Միջնորդել են նաեւ, որ դատարանը հաղորդում ներկայացնի  հանցագործության մասին, սակայն վերջինս ոչինչ չի ձեռնարկել, եւ Լուսինե Սահակյանը ինքն է  հաղորդում ներկայացրել Շիրակի մարզի դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցեն ՔՕ-ի  343-րդ հոդվածի հատկանիշներով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք):